Դպրոցի պատմությունը

Կավարտ գյուղում տարրական դպրոց հիմնադրվել է 1850 թվականից: Դպրոցի շենքը կառուցել են Կավարտ -Ղաթար պղնձահանքերը շահագործող ֆրանսիացիները` գյուղի հողատարածությունը շահագործելու և նրա տարածքով Ղափան-Գորիս հեռախոսագիծ անցկացնելու դիմաց՝ որպես փոխհատուցում:1911 թ. բարերարների աջակցությամբ վերաբացվեց Կավարտի դպրոցը: Այդ թվականին գործել է որպես միդասյա, երկսեռ դպրոց:1912-1913 ուստարում ունեցել է եռամյա դասընթացի կարգավիճակ՝ 61 աշակերտ: Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով հրահրված ազգամիջյան ընդհարումները աղետալի վիճակ էին ստեղծել Կապանում, շատ դպրոցներ դադարել էին գործելուց, սակայն հատուկենտ դպրոցներ այդ ծանր պայմաններում շարունակեցին իրենց գործունեությունը,այդ թվում նաև Կավարտի դպրոցը:1917 թվականին դպրոցն ուներ 56 աշակերտ:
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո 1921 թվականին Կավարտում սկսեց գործել առաջին աստիճանի դպրոց՝ մինչև 1940 թվականը:1940 թվականին դպրոցը վերաճեց յոթնամյակի և գործեց մինչև 1961 թվականը: 1961 թվականից այն դարձավ ութամյա և գործեց մինչև 1983-84 ուստարին: Դպրոցը վերաբացվեց երրորդ հանրապետության առաջին տարիներին:Ավելի կոնկրետ 1991-92 ուստարում այն հիմնական դպրոց էր, որտեղ սովորում էր 63 աշակերտ: 1992-1993 ուստարում սովորում էր 90 աշակերտ,1993-1994 ուստարում դպրոցը դարձավ միջնակարգ, որտեղ սովորում էր 97 աշակերտ:2001 թ. հուլիսի 16-ին մարզպետ Էդիկ Բարսեղյանի թիվ 35 որոշումով դպրոցը անվանակոչվեց մեծ կավարտեցի Ռաֆայել Մինասյանի անունով: Դպրոցը հիմնանորոգված է, գազաֆիկացված, գույքը ամբողջությամբ նոր է, ապահովված է համացանցով, համակարգիչներով, տեսացրիչով:Կազմակերպում է տաք սնունդ։ 2022թ․ տեղադրվեց արևային էլեկտրակայան։ Այժմ դպրոցում սովորում է 76 աշակերտ, որից 38-ը հաճախում են Կապանից, Արփիկից, Աշոտավանից,Լենհանքերից:Դպրոցն ունի 28 աշխատող, որից 20-ը` ուսուցիչ:Բոլորն էլ ունեն բարձրագույն մանկավարժական կրթություն:Այս պահին մեր շրջանավարտներից 7-ը սովորում են պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում (Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան,Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Գորիսի պետական համալսարան, Երևանի գյուղատնտեսական համալսարան)։